Չի կարելի Հայաստանի այսօրվա ծանր վիճակը կապել, արդարացնել ղարաբաղյան հակամարտությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ՀԱԿ-ի գրասենյակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս նշել է ՀԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

Նրա խոսքով, առջնահերթ խնդիրն այսօր արժանապատիվ խաղաղության հաստատումն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգության, հայ ժողովրդի ազատ զարգացման նպաստավոր պայմանների ապահովումը:

«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ բանակցությունների միջոցով եւ այդ բանակցությունների Արցախը պետք է լիիրավ կողմ լինի։ Արբեջանը պետք է գիտակցի, որ ռազմական ճանապարհով ի վիճակի չէ լուծել հարցը, որ ցանկացած ագրեսիա կկասեցվի հայկական զինված ուժերի կողմից: Խաղաղ կարգավորումը բխում է երկու ժողովուրդների շահերից: Խաղաղ կարգավորումը կնպաստի նաեւ մեր երկում առկա արատավոր տնտեսական համակարգի առողջացմանը»,-հայտարարեց Դեմիրճյանը:

Նրա խոսքով, սակայն, չի կարելի մեր երկրի այսօրվա ծանր վիճակը կապել, արդարացնել ղարաբաղյան հակամարտությամբ. «Այսօրվա ՀՀ-ում համակողմանի ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացրել է իշխանությունը եւ տիրացել երկրի հարստությանը: Կարեւորուագույն խնդիր է երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը, նման ընտրությունների միջոցով ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, օրինականություն հաստատելը, կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելը, այդ թվում նաեւ հետամուտ լինել թալանված միջոցները պետբյուջե վերադարձնելուն, եւ սա պետք չէ ներկայացնել որպես կուլակաթափություն»: