Հայաստանն Իրանի հետ իրականացրել եւ իրականացնում է բաց քաղաքականություն` ոչինչ չթաքցնելով միջազգային հանրությունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց փարձագետ Գեւորգ Աղբալյանը, հավելելով, որ Հայաստանն Իրանի հետ համագործակցելիս երբեք չի հասնում մինչեւ վտանգավոր կետի:
Փորձագետը նշեց, որ Թեհրանի նկատմամբ Հայաստանը շատ նուրբ քաղաքականություն է իրականացնում` միշտ էլ ընդգծելով, որ դեմ չէ Իրանի ատոմային ծրագրին` խաղաղ նպատակներով եւ հայտարարելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով:
Փորձագետի խոսքով, ներկայումս հայ-իրանական հարաբերություններում առաջնային է համարվում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:
«Սակայն այդ նախագիծը բավական թանկ արժէ եւ դրա իրականացումը կապված է հուսալի ներդրողներ գտնելու հետ»,-ասաց Աղբալյանը` ընդգծելով, որ այդ նախագծի իրականացումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար, քանի որ այն կդառնա կապող օղակ Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ:
Աղբալյանը նաւե նշեց, որ Իրանը տարածաշրջանում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն, սակայն դա նրան դժվարությամբ է հաջողվում, քանի որ այդ երկրում կա մեծ ադրբեջանական համայնք: Խոսելով ռուս-իրանական հակասություններից, փորձագետը նշեց, որ դրանք լուրջ բնույթ չեն կրում:
Մեկնաբանելով Թեհրանի ցանկությունը` դառնալ միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Աղբալյանն ասաց, որ դա կապված էր Անկարայի միջնորդ լինելու ցանկության հետ:
«Թեհրանն այդ առումով չի ուզում հետ մնալ Անկարայից»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ Իրանի միջնորդությունը որոշ աստիճանով կհակասի Հայաստանի շահերին, քանի որ այն կարող է դժգոհություն առաջացնել ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահի մոտ:





























