«Հայկական վերածնունդ» կուսակցությունը մարտի 6-ին՝ քարոզարշավի երկրորդ օրը, ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը:
Այն ընդգրկում է խնդիրների լայն սպեկտր՝ տնտեսություն, քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններ:
Ծրագիրը 30 կետ ունի՝ «30 քայլ, որոնք Հայաստանը կփոխեն»:
Այն մանրամասն ներկայացրեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Առաջին կետում նշված է կոռուպցիայի դեմ պայքարի, հատուկ մարմնի ստեղծման մասին: Երկրորդ կետում՝ պրոֆեսիոնալ բանակին աստիճանաբար անցման: Այնուհետեւ հաջորդում են՝ բանկային ավանդների (ԽՍՀՄ տարիների – խմբ.) ամբողջական վերադարձը, «կարմիր գծերի» եւ ճանապարհներին արագաչափերի դեմ պայքարը: Կուսակցության տեսակետից անհրաժեշտ քայլերի թվում է պրոբացիայի ինստիտուտի ներդրումը, տարածաշրջանային խոշոր նախագծերին մասնակցությունը, էներգետիկ հնարավորորությունների եւ դիվերսիֆիկացիայի զարգացումը, 20 խոշոր ձեռնարկությունների ստեղծումը կամ դրանց արդիականացումը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, հարկային եւ մաքսային վարչարարության մեղմացումը, պետական պարտքը սահմանափակող օրենքի ընդունումը, շքեղության հարկի կիրառումը, Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու վերջնական վերականգնումը, ընդերքի եւ բնական պաշարների վրա պետության վերահսկողության ուժեղացումը, բանկային հատվածի զարգացման նոր ռազմավարությանը ներդրումը, հիփոթեքային տոկոսադրույքների վերացումը: Առանձին կետեր նվիրված են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի ու սպորտի, տուրիզմի զարգացմանը:
Ծրագրի համաձայն՝ առաջարկվում է յուրաքանչյուր երիտասարդ զույգի բյուջեից միանվանգ 500 հազար դրամ վճարել, բարձրացնել հաշմանդամների թոշակները, բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Միաժամանակ առաջարկվում է նվազեցնել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները:
Ծրագրի հեղինակները չեն անտեսել նաեւ Սիրիայից եւ Ադրբեջանից փախստականների խնդիրները: Զուգահեռ նշված է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման կարեւորությունը:




























