«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը քննադատեց Հայաստանում գործող տեսահսկման համակարգերը եւ Երեւանում ներդրված վճարովի կայանատեղիների համակարգը:

Նշենք, որ ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, Երեւանի փողոցներում կայանման «կարմիր գծերը» եւ բարձր տուգանքները բազմիցս իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախում են հայտնվել:

Կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս Բաղդասարյանը նշեց, որ մեկուկես տարում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մոտ 2 մլն 536 ակտ է կազմվել, այսինքն՝ յուրաքանչյուր վարորդի բաժին է ընկել գրեթե 7 տուգանք: Դրամական համարժեքով բնակչությունից ավելի քան 24 մլրդ դրամ է հավաքվել: «Հաշվի չի առնվել Հայաստանում տարածված «մաղարիչի» համակարգը»,- նշեց Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ չնայած համակարգի ներդրման նպատակ էր հայտարարվել ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը, իրականում վթարների թիվը 17 տոկոսով աճել է, իսկ զոհերի թիվը՝ 27 տոկոսով: «Առանձին քննարկման հարց է տուգանքների մեծությունը»,- հավելեց Բաղդասարյանը: