Հայաստանի իշխանությունները պարտավոր են մտահոգվել սոցիալապես անապահով քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման մասին: Այս մասին ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ  Արթուր Բաղդասարյանը կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս:

Նրա խոսքով՝ կուսակցության ծրագրով առաջարկվում է չեղարկել ներկայումս գործող հիփոթեքային բարձր տոկոսադրույքները: «Անհեթեթ է, որ բանկը բնակարանը տնօրինում է մինչեւ ամբողջ գումարի վճարումը եւ դրա հետ մեկտեղ տոկոսներ է վերցնում: Չէ՞ որ բանկը մարդու հնարավորությունները պարզում է մինչեւ վարկը տրամադրելը»,- նշեց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի պետական բնակարանային շինարարություն: «Պետությունը պարտավոր է մտահոգվել սոցիալապես անապահով քաղաքացիների մասին»,- նշեց նա՝ վկայակոչելով Սահմանադրությունը: Բաղդասարյանը նշեց, որ դրա համար միջոցները կարելի է ստանալ վերադարձնելով բյուջեից հափշտակված միջոցները եւ այդ նպատակների համար ամեն տարի որոշակի միջոցներ հատկացնել: