Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները նույնպես պետք է առաջիկա ընտրություններում «Ելք» դաշինքին կողմ քվեարկեն: Երեւանի Ավան-Առնջ շրջանում նախընտրական քարոզչության ժամանակ (կանգ առնելով ՀՀԿ-ի շտաբի դիմաց) նման հույս հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեր ընտրած ճանապարհը բոլորիս անդունդ է տանում: Հույս ունեմ, որ դուք նույնպես, սա հասկանալով, կքվեարկեք «Ելքի» օգտին»,- խոսափողով ասաց քաղաքական գործիչը:
Քաղաքացիներին դաշինքի ծրագրի տեղեկություններով թռուցիկներ բաժանելով՝ Նիկոլ Փաշինյանը դաշինքի մյուս անդամների հետ նրանց ասաց, որ «երկրում ստեղծված իրավիճակից ելք կա եւ չի կարելի հուսահատվել»:
Երբ կուսակցության անդամները եւ ակտիվիստներն անցնում էին Ավանի փողոցներից մեկով, սեւ հագուստով մի երիտասարդ փորձեց ոչ մեծ մթերային խանութ մտնելիս փակել նրանց ճանապարհը՝ ասելով, որ «այն մասնավոր սեփականություն է»: Սակայն տեսնելով իրեն ուղղված տեսախցիկները՝ աննկատ չքվեց: Հրաժարվելով լրագրողների հարցերին պատասխանելուց եւ ներկայանալուց՝ նա արագ անհետացավ:
Անցորդներից մեկը՝ 65 տարեկան մի տղամարդ հարցրեց, թե ինչու են որոշ մարդիկ քաղաքացիներից անձնագրերը հավաքում՝ մի՞թե նրա համար, որ ընտրությունները կեղծեն: Նրա խոսքով՝ անձամբ իրենից ոչ ոք անձնագիրը չի խնդրել, կաշառք էլ իրեն չեն առաջարկել, բայց ինքը լսել է, որ իր շրջապատում այդպիսի բան մի քանի անգամ եղել է:
«Իսկ ինչո՞ւ են քաղաքացիներն ընդհանրապես ինչ-որ մեկին իրենց անձնագիրը տալիս,- հակադարձ հարց տվեց Նիկոլ Փաշինյանը: - Ելքը մեկն է՝ ընտրությունների օրը քաղաքացիները պետք է ընտրական տեղամասեր գնան եւ ինքնուրույն քվեարկեն, այլ ճանապարհ չկա»:


































