Նախընտրական կաշառք վերցնող մարդկանց կարելի պայմանականորեն 3 խմբի բաժանել, կարծում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» դաշինքից ընտրական առաջին տեղամասում պատգամավորի թեկնածու Կարեն Չիլինգարյանը:
NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մարդկանց առաջին խմբի մեջ են մտնում աղքատության մեջ ապրողները՝ նրանք իրենց առաջարկվող ցանկացած փող վերցնում են չմտածելով, երկրորդ խմբում են ամեն ինչից հիասթափված մարդիկ, որոնք նույնիսկ չեն պատրաստվում ընտրության գնալ, բայց եթե իրենց փող են առաջարկում, չեն հրաժարվում:
Երրորդ՝ ամենախոշոր խմբի մեջ են մտնում այն մարդիիկ, որոնք փողի կարիք առանձնապես չունեն եւ նույնիսկ գիտեն, թե ում են ցանկանում ընտրել, սակայն վախենում են կաշառքից հրաժարվել՝ «մեղքից հեռու»: Մյուսները փող են վերցնում, քանի որ այն իրենց առաջարկել է ծանոթը կամ ազգականը՝ «անհարմար է հրաժարվելը»: Այսպիսի մարդկանցից ոմանք, չնայած ստացած կաշառքին, քվեարկում են նրա օգտին, ում ցանկանում են:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք պետք է մարդկանց հասկացնենք, որ չարժե նախընտրական կաշառքներ վերցնել: Եթե քաղաքացին բողոքում է կոռուպցիայի դեմ, եթե ասում է, որ իշխանությունները կոռումպացված են, ինչպե՞ս կարող է ինքը կաշառք վերցնել»,- նշեց նա:
Կարեն Չիլինգարյանը հավելեց, որ կաշառք վերցնողներից հաճախ պահանջում են լուսանկարել ճիշտ նշումով քվեաթերթիկը եւ լուսանկարը ցույց տալ դրա համար դռան մոտ կանգնած հատուկ մարդուն: Այս տարի այդ «ծուղակը» շրջանցելը հեշտից հեշտ կլինի, քանի որ ընտրական 9 քվեաթերթիկ է լինելու՝ յուրաքանչյուր կուսակցության համար մեկական: Ճիշտ է, ասում են, որ պահանջելու են ընտրական տեղամասից դուրս հանել չօգտագործած 8 քվեաթերթիկները: Կարեն Չիլինգարյանը նշեց, որ քվեաթերթիկները ընտրական տեղամասից դուրս հանելն ապօրինի է, բայց եթե ընտրողն, այնուամենայնիվ, մտադիր է դա անել, նա, միեւնույն է, կարող է քվեարկել այն կուսակցության օգտին, որին վստահում է՝ այդ կուսակցության 2 քվեաթերթիկ վերցնելով:



























