Ստեփանակերտը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր գործընթացներին։ Այս մասին մարտի 6-ին ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների բանաեճերի ժամանակ ասել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը։

Նա հիշեցրել է , որ հենց ՀՀԿ-ի կառավարման տարիներին է Ստեփանակերտը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Նրա խոսքով դա ամենաուժեղ հարվածն է եղել կարգավորման գործընթացին։

Արարատ Զուրաբյանը նկատել է, որ Ծառուկյան դաշինքը կողմ է փոխզիջումներին, բայց միայն բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության պայմանով։ «Առանց Արցախի մասնակցության որեւէ բան լուծելն անընդունելի է ու մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերադարձնենք նրան բանակցային գործընթաց»,- ասել է նա։

Այդ համատեքստում նա նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ավելի նախաձեռնող լինի։ Առաջնայնություն պետք է դառնա Արցախի միջազգային ճանաչումը։