«Ելք» դաշինքը մերժում է ընտրակաշառքը, խնամի-ծանոթ-բարեկամով քվեարկությունը: Նախընտրական քարոզարշավի շրջանակում Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում անցկացրած քայլարշավի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համապետական ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նա հույս ունի, որ բոլորս կմնանք մեր քաղաքացիական բարձրության վրա՝ հրաժարվելով այդ երեւույթներից:
Նա հավելեց, որ եկել են՝ ասելու, որ երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական ճգնաժամից ելք կա. դա «Ելք» դաշինքն է: «Դուք հնարավորություն ունեք օգտվել այդ ելքից՝ ապրիլի 2-ին ընտրելով թիվ 1 քվեաթերթիկը: Ապրիլի 2-ին քվեարկեք մեր օգտին, եւ ապրիլի 3-ին մենք միասին կարձանագրենք, որ Հայաստանը կեղեքող ճգնաժամից ելք ենք գտել»,- հայտարարեց Փաշինյանը:
Թեկնածուի խոսքով՝ «Ելք»-ը ձեւավորվել է, որպեսզի քաղաքացիներին ընտրության հնարավորություն, այլընտրանք տա, որպեսզի «չասենք, որ փոփոխության հնարավորություն չկա»:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում ներառված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:




























