Հանրապետական կուսակցության նախընտրական հոլովակում, փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, ոչ մի ուրիշ հանրապետական չկա՝ սա լուրջ մեսիջ է: Մարտի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սրանով ՀՀԿ-ի անդամները փորձում են հավաստիացնել, որ իրենք շարունակում են անել այն, ինչը սկսել են: Ըստ քաղտեխնոլոգի՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն այնպես են փոխվում ասես «տոնավաճառի հանդերձարանում» լինեն՝ բոլորը փոխվում են, հագնվում ու հանվում են: «Եթե Հանրապետական կուսակցության ծանրությունը դրված է Կարեն Կարապետյանի վրա, ապա «Բարգավաճ Հայաստանի» ծանրությունը կրում է Գագիկ Ծառուկյանը: Նույնը վերաբերում է «Հայկական վերածնունդին»՝ գլխավոր դերում միայն Արթուր Բաղդասարյանն է: Դա, հավանաբար, չի վերաբերում «Ազատ դեմոկրատներին», որոնք չորսով են հանդես գալիս՝ Խաչատուր Քոքոբելյան, Հրանտ Բագրատյան, Ստեփան Սաֆարյան եւ Անահիտ Բախշյան»,- նշեց Քոչարյանը՝ շարունակելով, որ Հայ ազգային կոնգրեսը հանդես է գալիս 3-4 ներկայացուցիչներով՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Վահագն Խաչատրյան:

«Ելք» դաշինքում գերակայող դերը կպատկանի Նիկոլ Փաշինյանին: Ե՛վ Արամ Սարգսյանը, ե՛ւ Էդմոն Մարուքյանը պակաս հայտնի չեն, սակայն Փաշինյանն ավելի խարիզմատիկ է: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը փորձում է իր կողմը քաշել «Ելք» դաշինքի արմատական ընտրազանգվածին: Եթե դաշինքում լիներ միայն «Համախմբում» կուսակցությունը, նրանք ընտրողներին ավելի հեշտ կհամոզեին»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, թե հստակ է, որ կոմունիստները խորհրդարան չեն մտնի: