10 հազար դրամանոց մի դարձեք, Ձեր հոգիները մի ծախեք: Այսօր՝ մարտի 7-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նախընտրական քարոզարաշավի ժամանակ նման կոչով հանդես եկավ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի հանդիպումն ընտրողների հետ տեղի ունեցավ Եղվարդի «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շտաբերից մեկի բակում: Շտաբի առջեւ պատգամավորության թեկնածուների հետ հանդիպելու էր եկել մոտ երկու տասնյակ քաղաքացի: Ինչպես նշեց եղվարդցիներից մեկը, քաղաքի բնակիչները վախից դուրս չեն գալիս պատգամավորության թեկնածուների հետ հանդիպման, քանի որ վախենում են տեսախցիկների առջեւ հայտնվեն եւ «բռնվեն», քանի որ շատերն արդեն անձնագրերի տվյալներով ընտրակաշառք են վերցրել եւ իրենց ձայնը ծախել մյուս կուսակցություններին:
«Ժողովուրդ ջան, ինչի՞ պետք է «Կոնգրես-ՀԺԿ»-ին ընտրեք, քանի որ ուրիշին ընտրելու իրավունք չունեք: Իշխանություններում մեծ-մեծ խոսացողների շքերթ է: Միայն մենք ենք, որ խաղաղություն ենք քարոզում: Այս 20 տարվա մեջ այս ալագյոզները որ եկան, մեր երկիրը մսխեցին, դրանք Սեւանում լողացող, սեղանների վրա կենացների հերոսներ են:
10 հազար դրամանոց մի դարձեք: Ձեր հոգիները մի ծախեք: Դուք մեզ չհավատալու հիմք չունեք: Դարձեք մեր քարոզիչը եւ խաղաղություն տարածեք: Մեր երկրի զարգացման եւ այստեղ իրավունքը միայն խաղաղության միջոցով է հնարավոր: Մեր կուսակցությունը միակն է, որ խաղաղ է, մյուս կուսակցությունների անդամներն իրար փոր են թափում»,- ասաց Արամ Մանուկյանը:
Մինչ Արամ Մանուկյանը ելույթ էր ունենում, հանդիպման մասնակիցներից մեկը փորձեց զսպել Արամ Մանուկյանին, որպեսզի վերջինս չզայրանա: Արամ Մանուկյանն էլ իր հերթին նկատողություն արեց. «Ինձ նույնիսկ Գալուստ Սահակյանը չի ընդհատում, դու մի ընդհատի»:






























