«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրերից առաջնայինը գազի գնի նվազեցումն է, իսկ դրա ճանապարհը դաշինքը տեսնում է միայն խաղաղության ճանապարհով: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նախընտրական քարոզարաշավի ժամանակ հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
«Մենք քարոզում ենք խաղաղություն: Առաջարկում եմ՝ հրաժարվել տարիներ շարունակ մեր ժողովրդին մսխող, թալանող իշխանությունից: Այս քաղաքական պայքարում հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու: Մեզ հաղթանակ պետք չէ: Մենք մեր հաղթանակն արդեն ունեցել ենք՝ դա Ղարաբաղի ազատագրումն է: Մեր խնդիրն է՝ պահպանել այդ հաղթանակը եւ թույլ չտալ, որ իշխանությունը մսխի այդ հաղթանակը: Կոչ ենք անում օգնել մանդատ ստանալ, որպեսզի մենք էլ օգնենք ձեզ հասնել խաղաղության»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:



























