Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մարտի 7–ին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին դիմավորել են «Հաղթանակի օրը» երգով։
Ինչպես հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը՝ Կոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Մանուկյանը հավաքվածներին ներկայացրել է քայլերը, որոն կուսակցությունը կիրականացնի՝ խորհրդարան անցնելու դեպքում։ Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին ներկայացրել է կուսակցության նախընտրական հիմնական դրույթները։
Տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու Նաիրա Մարտիրոսյանը, ով 16 տարի շարունակ եղել է Հրազդանի Ցեմենտի գործարանի տնօրեն, ընդգծել է արդյունաբերության վերականգնման անհրաժեշտությունը։ «Դա այն ուղին է, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել արտագաղթն ու Հայաստանում աշխատատեղեր ստեղծել»,–նշել է Մարտիրոսյանը։ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ Աբովյանն արդյունաբերական քաղաք էր, որտեղ 14 հազար մարդ էր աշխատում, իսկ այսօր քաղաքը կորցրել է այդ կարգավիճակը։
Այսօր Հրազդան մարզկենտրոնում տեղի է ունեցել նաեւ ՀՀ կոմկուսի ներկայացուցիչների հանդիպումը Ցեմենտի գործարանի աշխատողների հետ, որոնք արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Քանի որ այսօր աշխատանքային օր է, նրանցից շատերին թույլ չեն տվել հանդիպմանը գալ։ Այդ պատճառով էլ քիչ մարդ է հավաքվել՝ մոտ 50 հոգի։ Մենք պայմանավորվել ենք հանդիպում կազմակերպել հաջորդ շաբաթ՝ մարտի 18–ին»,–հավելել է Սաֆարյանը։



























