Հայաստանում մարդկանց ռեսուրսը տարեկան 100 հազարով պակասում է: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին Հրազդանում ընտրողների հետ հանդիպմանը նշել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:
ՀԱԿ ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ են իրականացնում Կոտայքի մարզում: Հրազդանում Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին եւ դաշինքի ներկայացուցիչներին դիմավորեցին հրազդանցի տղամարդիկ եւ ԵԱՀԿ միջազգային դիտորդական առաքելության երկու ներկայացուցիչ:
Հայաստանում ապրիլյան ընտրությունների քարոզարշավին հետեւող միջազգային դիտորդ Օլիվեր Հինեքը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռեւս իրավունք չունի կարծիք հայտնել ընթացող ընտրությունների քարոզարշավի մասին: Օլիվեր Հինեքն ինքը թղթակցից հետաքրքրվեց, թե արդյոք արդար են Հայաստանում կայացող ընտրությունները եւ հայտնեց, որ եկել է Հայաստան ընտրությունների արդարությունն ուսումնասիրելու եւ հետեւելու նպատակով:
Օլիվեր Հինեքը մասնակցեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանդիպմանը հհրազդանցիների հետ եւ հանդիպումը չավարտված հեռացավ:
Իսկ մինչ միջազգային դիտորդը հետեւում էր հանդիպմանը, Արամ Մանուկյանն այդ ընթացքում հրազդանցիներին ասում էր. «Մոտ 2000 զոհ բանակում ունեցել ենք միայն 94-ից հետո: Միայն անցյալ տարի 160 զոհ ենք ունեցել: Մարդիկ չեն ուզում իրենց երեխաները ծառայեն, դրսում ապրող հազարավոր տղաներ պետք է գան, ծառայեն հայրենիքին, բայց նրանց թույլ չեն տալիս, որ գան: Ավելին՝ Հայաստանում մարդկանց ռեսուրսը տարեկան 100 հազարով պակասում է»:
Ըստ Մանուկյանի, իրենք փորձում են ներկայացնել դառը ճմարտությունը: «Մենք ասում ենք իշխանություններին՝ ձեր ձեռքում է մուրճը, մեխը, գնացեք, կնքեց խաղաղության դաշինքը, եթե չեք կարողանում, իջեք, մենք նստենք եւ մենք խաղաղության տանենք ժողովրդին: Անալգինը շատ դառը դեղ է, բայց խմում ենք. Այդպիսին էլ մեր իրականությունն է: Անալգինը կլինի խաղաղության ստորագրումը: Մենք առաջարկում ենք դեղը: Չկա այլ քաղաքական ուժի ծրագիր, կա միայն մեկ ուժի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագիր, որը ժողովրդին կփրկի այս դառը իրականությունից»,- ասաց Արամ Մանուկյանը:






























