Խորհրդարան անցնելու դեպքում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կաշխատի «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման ուղղությամբ։ Այս մասին մարտի 8–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Նաիրա Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Կոմկուսը անհրաժեշտ է համարում երկրում արդյունաբերության զարգացումը։ «Մենք ցանկանում ենք վերականգնել արդյունաբերության ու արտաքին առեւտրի նախարարությունը։ Նաեւ անհրաժեշտ է վերանայել հարկային օրենսդրությունը։ Կփորձենք աշխատել նաեւ «Նաիրիտ»–ի վերագործարկման ուղղությամբ։ Եթե գործարանի աշխատակիցները վստահ են, որ կարող են գործարկել այն, ինչու՞ գործարանը չպետք է աշխատի» - ընդգծել է Մարտիրոսյանը։


























