ՀՀԿ-ի թիմը բավականին մեծ է եւ ներկայացնում է հասարակության բոլոր շերտերը, ինչը նաեւ ստեղծում է խնդիրներ, որովհետեւ յուրաքանչյուրը կարող է այնտեղ գտնել մեկին, որն, իր պատկերացմամբ, ինչ-ինչ թերություններ ունի: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Էջմիածնի Մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մեր թիմը միակն է, որ խոստովանում է, որ ունեցել է բացթողումներ, սխալներ, որոնք ունեն թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Բազմաթիվ բան ունենք փոխելու, սկսելով մեզնից, սկսած կառավարչի կեցվածքից, որոշում կայացնելուց, իր ընտանիքի դրսեւորումից, մտածելակերպից եւ այլն»,-ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով, իրենք հստակ պատկերացնում են, թե ինչ երկիր են ուզում կառուցել տնտեսական ոլորտի հետ կապված. «Այս 6 ամսում կառավարությունը ախտորոշել է խնդիրները, որոնք առկա են: Մենք հստակ գիտենք, թե որոնք են մեր տնտեսության թույլ կետերը, ոնց պետք է ուժեղացնենք: Յուրաքանչյուր ճյուղի հետ կապված հայտարարում ենք մեր տեսլականը, թե ինչ պետք է փոխենք: Մենք հստակ գիտենք, որ կառավարման համակարգում պետք է լինեն բավականին լուրջ բարեփոխումներ»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա վիճակն իրենց դուր չի գալիս, լիքը բան ունեն ուղղելու:

«Մենք գրգռված ենք, մեկս մյուսի նկատմամբ անհավատ ենք, որի համար օբյեկտիվ հիմքեր կան: Բայց մենք ֆանտաստիկ ներուժ ունեցող ազգ ենք, ավելի մոտենցիալ ազգ ես չեմ ճանաչում: Մենք բանաձեւ չունենք լավ չապրելու, մենք գիտենք, ոնց պետք է անենք, մեզ չափազանց քրտնաջան աշխատանք է սպասվում եւ չի լինելու այնպես, որ մատով ճտտացնես ու ամեն ինչ լավ ա լինելու: Մենք որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով հպարտանալու ենք»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը: