Առանց կանխավճարի հիփոթեքային վարկ վերցնելն այնքան բանկային համակարգի հետ չի կապված, որքան նրա հետ, թե մեր քաղաքացին ու շինարարն ինչպես են իրար հետ պայմանավորվում: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ, որ բնակիչներին առանց կանխավճարի հիփոթեքային վարկեր տրամադրվեն:

«Ընդհանրապես, մենք բանկային համակարգում բարձր տոկոսադրույքների խնդիր ունենք: Մենք սկսել ենք բանկային համակարգի, Կենտրոնական բանկի հետ խոսել, որովհետեւ վերջին ժամանակահատվածում նկատել ենք, որ բանկային համակարգում գումարների կուտակում կա, այսինքն փող կա, որ կարելի է տրամադրել: Դա դրական է, որովհետեւ եթե առաջարկը շատ է, տոկոսադրույքները նվազելու է, որ կարողանան հաճախորդներ վերցնել»:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ հիմա էլ կան դեպքեր, երբ բնակարան վաճառողն առանց կանխավճարի վաճառում է բնակարանը եւ խորհուրդ տվեց հարց տովողին հետաքրքրվել ու գտնել նման դիլերների: