Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել են մի շարք տոնական միջոցառումներ եւ հանդիպումներ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 8-ին կին դատապարտյալների առջեւ համերգային ծրագրով հանդես է եկել «Ակունք» ազգագրական համույթը` ազգային երգին ու պարին մասնակից դարձնելով նաեւ վերջիններիս:

Մարտի 10-ին հիմնարկում հուրընկալվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատակիցները` տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ դերասաններ Ռաֆայել Քոթանջյանն ու Միքայել Պողոսյանը:

Հյուրերը տոնի կապակցությամբ շնորհավորել են կին դատապարտյալներին եւ ծաղիկներ նվիրեցին նրանց: Դատապարտյալների եւ հյուրերի զրույցից հետո Ռ. Քոթանջյանը ներկայացրել է իր հումորային մանրապատումներից, ինչից հետո դատապարտյալները դիտել են Հ. Քեշիշյանի «Thank you հայրիկ» գեղարվեստական ֆիլմը: