Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը մարտի 9-ից հացադուլ է հայտարարել:

NEWS.am-ի հետ զրույցում Մուշեղ Մխիթարյանը նշեց, որ այս կերպ իր դժգոհությունն է հայտնում դատաքննության վերաբերյալ:

«Մեր իրավապահ մարմինները վարում են ջայլամի քաղաքականություն: Դատախազությունն առանց գործին նորմալ ծանոթանալու մեղադրական եզրակացությունը հաստատել է եւ գործն ուղարկել դատարան: Ես դատախազությանը բազմիցս հրավիրել եմ, որ ներկայացնեմ մանրամասներ, սակայն հրաժարվում են, չեն գալիս»,- ասաց ամբաստանյալը:

Մուշեղ Մխիթարյանի խոսքով, հացադուլի պատճառով առողջական խնդիրներ են իր մոտ առաջացել:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: