Արմավիրի Ջրառատ գյուղում կրքերը նորից թեժացել են: Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի ընթացքում հրազեն է օգտագործվել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, թե ՀՀԿ-ի տեղի կառույցի անդամները զինված հարձակում են իրականացրել իրենց համակիրների վրա: Վիրավորներ կան, որոնց հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ Ջրառատի գյուղապետարանի մոտ վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են հնչել։ Երեք վիրավոր հիվանդանոց է տեղափոխվել:

«Էրեբունի» բուժկենտրոնից, ուր տեղափոխվել են տուժածները, հայտնեցին, որ նրանցից մեկն անչափահաս է. 17-ամյա Արայիկ Մելքոնյանը կոտրվածք ունի, մյուս վիրավորները՝ 26-ամյա Հակոբ Մելքոնյանը՝ հրազենային վնասվածք եւ ձախ քունքի պատռվածք, 53-ամյա Մելիք Մելքոնյանը՝ կտրած-ծակած վնասվածք:

Հրազենից կրակ արձակելու մեջ կասկածվող 35-ամյա Տիգրան Սարգսյանին բերման են ենթարկել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից Ստեփան Մարգարյանը միջադեպը նախընտրական բանդիտիզմ է որակում եւ կարծում է, որ սա մարտի 12-ի դեպքի շարունակությունն է: Միջադեպի մասին լրագրողները հարց են ուղղել նաեւ վարչապետին: Կարեն Կարապետյանը տեղյակ է կատարվածի մասին, գիտի, որ ձերբակալվածներ կան, բայց մեղավորների մասին առայժմ չի ուզում խոսել. քննությունը կպարզի:

Հիշեցնենք, որ Ջրառատում միջադեպ էր տեղի ունեցել նաեւ մարտի 12-ին: ՕՐՕ դաշինքի քարոզարշավից հետո սկսված ծեծկռտուքին մասնակցել էր նաեւ գեներալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, որն իր անձնական ատրճանակից օդ էր կրակել, իսկ հետո վնասվածքով հիվանդանոց տեղափոխվել:

ՕՐՕ դաշինքի քարոզիչները լարվածությունից չեն խուսափել նաեւ այսօր Վայոց ձորում հանդիպման ժամանակ: Վայքում Սեյրան Օհանյանն ընտրողներին մանրամասն զեկուցել է իր արածի ու անելիքների մասին, բայց հավաքվածներից մի տարեց կին պարբերաբար ընդհատել է՝ մեղադրելով անտարբերության մեջ. «Վայքի տեղը նույնիսկ չգիտեք, ինչի՞ այսքան ժամանակ չեք եկել»:

Լրագրողների հետ ակումբային հանդիպման ժամանակ էլ ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչերի միջեւ թեժ բանավեճի առարկա է դարձել նոր ընտրակարգը: Լյովա Խաչատրյանը դժգոհ է համամասնական ընտրակարգից: Այդ դեպքում ինչո՞ւ օրենսգրքի փոփոխությունների ժամանակ ԲՀԿ-ն միասնական դիրքորոշում չի հայտնել եւ դեմ չի արտահայտվել: Դաշնակցական Բագրատ Եսայանն էլ կարծում է, որ պետք է ընտրություն կատարվի քաղաքական ուժերի միջեւ, որպեսզի չկրկնվի Ազգային ժողովի խմբակցություններում հիմա տիրող իրավիճակը:

Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա այցով նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստան է մեկնել: «Վնուկովո» օդանավակայանում նախագահին պաշտոնապես դիմավորել են, այնուհետեւ նրան հյուրընկալել են Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Բուհի գիտական խորհրդի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանին ՄԳԻՄՕ-ի «Պատվավոր դոկտորի» կոչում է շնորհվել: Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը նախագահը կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, իսկ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Մինչ այդ, ղարաբաղյան հակամարտության թեմային Սերժ Սարգսյանն անդրադարձել է ռուսական «Իզվեստիա»-ում հրապարակված հոդվածում: Նախագահի խոսքով՝ Բաքվում պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա, պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ եւ միայն երկխոսության, այլ ոչ թե սպառնալիքի լեզվով կարելի է խաղաղության հասնել:

Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման շարունակվող սպառնալիքի, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում էլ երկիրը շարունակում է սեւեռուն ուշադրություն դարձրել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

Պետեկամուտների կոմիտեում վարչապետը հիմնարար բարեփոխումներ է նախատեսում, որի առաջին քայլը, ըստ Կարեն Կարապետյանի, այսօր բացված տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնն է: Կոմիտեի ստուգումներն այսուհետ ավելի հասցեական եւ արդյունավետ կլինեն: Ներդրված համակարգի հետ վարչապետը մեծ հույսեր է կապում: Խելացի կառավարումն էլ ավելացնելով՝ կկարողանանք հասնել նրան, որ ՊԵԿ-ն ավելորդ տեղը չի անհանգստացնի օրինական դաշտում աշխատող բիզնեսին:

Վարչապետը նաեւ նշել է, որ Հայաստանում արտահանվող բիզնեսի շահութաբերությունն ավելի ցածր է, քան ներքինի: Ուսումնասիրել են հարցն ու հասկացել պատճառը:

Լոռու մարզի Արջուտ գյուղում վերջին երկու օրերին երկու բնակարան է հրդեհվել: Այսօր հրդեհված տունն ամբողջությամբ այրվել է՝ գույքի հետ միասին: Երեկ հրդեհված տունը մասամբ հաջողվել է փրկել, բայց այստեղ նույնպես լուրջ վնասներ կան: Գյուղապետը կասկածում է, որ դիտավորյալ են հրկիզում: Պարզաբանում է. երկու տներում էլ բնակիչներ չեն ապրում, դրանք հոսանքազրկված են: Վրեժխնդրությունը բացառում է, բայց վստահ է, որ հրդեհման դեպքեր, հնարավոր է, էլի լինեն, քանի որ հանցագործին չեն գտել: Արջուտի բնակիչները նույնպես նոր հրկիզումների մտավախություն ունեն:

Մարտի 14-ին դոլարի արժեզրկմանը միացել  է նաեւ եվրոն: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է արդեն 485 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 8 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 588 դրամ:

Մարտի 15-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ կարճատեւ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ: Երեւանում նույնպես կարճատեւ տեղումներ կլինեն, գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն: