Նորք- Մարաշում ոռոգման ջուր կանցկացնենք անմիջապես ընտրություններից հետո։ Այս մասին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հավաքվածներից մեկի հարցին՝ այդ թաղամասի մասնավոր տների ու այգիների համար ոռոգման ջուր քաշելու մասին։
Կարապետյանը ժպիտով նկատել է, որ քարոզչության ընթացքում իրավունք չունի պատասխանել վարչապետի աշխատանքի հետ կապված հարցերի։ «Իսկ սա հենց նման հարց է ՝ տնտեսվարական գործերին վերաբերող։ Իսկ ինձ իմ ենթակաները անընդհատ նախազգուշացնում են՝ տես հա, նման հարցերի մի պատասխանիր։ Չէ՞որ ես քարոզչության ժամերին վարչապետ չեմ»,- ժպտալով ասել է Կարապետյանը։ «Բայց ես այսպես կպատասխանեմ։ Ընտրությունները ապրիլի 2-ին են։ Հետեւաբար ապրիլի 3-ին այդ հարցը կլուծենք։ Ես ձեզ մոտիվացիա եմ ավելացնում քվեարկության համար»։
Հանդիպման վերջում, երբ Կարապետյանը դուրս էր գալիս դահլիճից, մի տարեց կին հետաքրքրվել է «Ասա, սիրելիս, իսկ ջուր հաստատ կլինի՞»։ «Կանենք»,- պատասխանել է վարչապետը։ «Դե ուրեմն վերջ։ Նավաստիներն այլեւս հարցեր չունեն»,-ինքն իրեն մխիթարել է կինը։



























