Երբ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2016-ի ապրիլին ԼՂ- ում բանակը անորակ վառելիք է ունեցել, պաշտոնյաներն անգամ չկռահեցին, որ դա հանցագործության մասին հաղորդում էր…

Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը բանակի համար անորակ վառելիքի մասին ճշմարտություն չի ասել, ապա թող նրան հեռացնեն: Մարտի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը:

Ընդդիմադիրի խոսքով՝ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում հայտարարեց, որ 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում բանակը անորակ վառելիք է ունեցել, պաշտոնյաներն անգամ չկռահեցին, որ դա հանցագործության մասին հաղորդում էր, որին պետք է արձագանքել:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանն առնչվող դիտարկանը, որը միանշանակ այդ հայտարարությունները չէր հաստատել, Սաֆարյանը պատասխանեց. «Այդ դեպքում թող վարչապետին հեռացնեն ապատեղեկատվության համար: Իրականում ինքներս էլ գիտենք, թե ինչ է եղել ե՛ւ հրամկազմի, ե՛ւ սպառազինության հետ կապված»: