Հայաստանի ընտրական նոր կարգ ինքնին բավական բարդ է, բայց եթե ամեն ինչ ստացվի, այս համակարգի դեպքում կմեծանան հրապարակայնությունը, ժողովրդավարությունը եւ կուսակցությունների ու դաշինքների միջեւ արդարացի մրցակցության երաշխիքները: Մարտի 15-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ երեկ Երեւանում պաշտոնապես բացվել է ԱՊՀ-ի դիտորդական առաքելության կենտրոնակայանը: «Մենք ծանոթացանք ընտրական օրենսդրության նորամուծություններին: Մեր կարծիքով՝ այն փոփոխությունները, որոնք կատարվել են Հայաստանի Ընտրական օրենսգրքում, իսկապես հեղափոխական բնույթ ունեն, քանի որ մեծացնում են քաղաքացու ընտրական իրավունքի ժողովրդավարական լինելը, արդարացի մրցակցության երաշխիքները եւ ընդհանրապես գործընթացի ժողովրդավարությունը»,- նշեց Գումինսկին:  

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու հրավերը առաքելությունը ստացել է վարչապետ Կարեն Կարապետյանից: «Ելնելով նրանից, որ Հայաստանը տարածքով ավելի փոքր է ԱՊՀ-ի մյուս երկրների համեմատությամբ, առաքելության կազմում կլինեն մոտ 150-180 դիտորդներ Համագործակցության երկրներից, Միջխորհրդարանական վեհաժողովից եւ Բելառուսի ու Ռուսաստանի միության Խորհրդարանական ժողովից: Նրանցից մոտ 20 դիտորդներ երկարաժամկետ կլինեն: Մյուս կարճաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն քվեարկությունից 2-4 օր առաջ»,- հայտնեց Վիկտոր Գումինսկին: Նա ընդգծեց, որ առաքելության այսօրվա խնդիրներն են՝ իրավական, տեղեկատվական եւ, իհարկե, առաջին հերթին կազմակերպական միջոցառումների անցկացումը այն ամենը նախապատրաստելու համար, ինչն անհրաժեշտ է աշխատանքի հաջողության համար: «Մենք դիտորդներ կունենանք բոլոր 13 ընտրական տարածքներում: Ցավոք, բոլոր ընտրական տեղամասերում լինել չենք կարողանա, քանի, ինչպես մեզ տեղեկացրել են, ստեղծված է ավելի քան 2 հազար տեղամաս: Ինչ վերաբերում է մեր աշխատանքի սկզբունքներին, կցանկանայի ընդգծել, որ հիմնական են համարվում քաղաքական չեզոքությունը, ընտրական գործընթացին եւ ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելը»,- արձանագրեց Վիկտոր Գումինսկին:

Ընտրությունների արդյունքներով՝ դիտորդների գնահատականները, Գումինսկու խոսքով, կկազմեն ելնելով բացառապես նրանից, ինչը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դիտորդները կտեսնեն ընտրությունների նախապատրաստման ընթացքում եւ անմիջաբար ընտրությունների օրը, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների եւ պետական իշխանության մարմինների պաշտոնական տեղեկատվության հիման վրա:

ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը ղեկավարում է Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: «Նրա թեկնածությունը համաձայնեցված է Համագործակցության բոլոր երկրների լիազոր ներկայացուցիչների հետ»,- հավելեց Վիկտոր Գումինսկին:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման ԱՊՀ-ի առաքելությունը կանցկացվի արդեն 9-րդ անգամ: Մենք աշխատանքի բավարար փորձ ունենք: Եվ ես համոզված եմ, որ այս անգամ եւս առաքելությունը կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները: Ընտրությունների արդյունքներով Սերգեյ Լեբեդեւի մամուլի ասուլիսը նախատեսված է ապրիլի 3-ին՝ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումից հետո: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի կյանքում սա անչափ կարեւոր քաղաքական պահ է: Ընտրությունների արդյունքներից է կախված այս կամ այն ուղղությամբ Հայաստանի հետագա ընթացքը: Մենք, իհարկե, եղբայրական հայ ժողովրդին ցանկանում ենք, որ նա այն ուղին ընտրի, որը կապահովի հասարակության մեջ կայունություն եւ հանրապետության առաջընթաց ու միայն ստեղծագործական հունով»,- ասաց Գումինսկին:

Ի պատասխան հարցին՝ Ադրբեջանը նույնպե՞ս Հայաստան դիտորդներ կուղարկի, Վիկտոր Գումինսկին նշեց. «Ո՛չ: Հայաստանի վարչապետից հրավերը ստանալուց հետո մենք հրավերներ ենք ուղարկել բոլոր երկրների եւ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներին: Այսօրվա դրությամբ հաստատում եւ հայտեր ենք ստացել մոտ 76 դիտորդներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ղազախստանից»: