Ընտրությունները բնականաբար ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով մարտի 14–ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպին։

«Ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, որոնք Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության:

Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները՝ նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 14–ին տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ եւ դանակահարություն։ Հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ։ Ըստ «Օհանյան– Րաֆֆի– Օսկանյան» դաշինքի՝ վնասվածքներ ստացածները իրենց համակիրներ են, իսկ հակառակ կողմը ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է եղել իր մտերիմների հետ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է։