Ես դեմ եմ եղել բանակից գեներալների եւ փոխնախարարի ազատմանը, որովհետեւ ապրիլյան պատերազմը մեր համար հավասար է մնացած հերոսամարտերի: Այդ մասին այսօր՝ մարտի 15-ին Կապանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը:
Կապանում OՐՕ-ի ընտրողների հետ հանդիպման ընթացքում կապանցիներից մեկը, անդրադառնալով քառօրյա պատմերազմի արդյունքներին եւ գործողությունների հետագա ընթացքին, նախկին ՊՆ նախարարից հետաքրքրվեց, թե ինչու քառօրյա պատերազմից հետո մի քանի գեներալներ ազատվեցին աշխատանքից:
«Ես դեմ եմ եղել բանակից գեներալների եւ փոխնախարարի ազատմանը, որովհետեւ ապրիլյան պատերազմը մեր համար հավասար է մնացած հերոսամարտերի: Քառօրյա պատերազմի ժամանակ մեր որդիները, հրամանատարները, մեր զինվորները կարողացան հետ մղել հակառակորդին եւ ձախողել նրանց բոլոր պլանները, որոնք ցանկանում էին իրագործել խորը մխրճման համար՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ»,- ասել է Օհանյանը:
«Այսօրվա Արցախի հանրապետությունը եւ նրա պաշտպանության բանակը հպարտություն է ապրում, որ արցախյան ազատամարտից հետո մեր սերնդակիցների հետ միասին բանակն իր առջեւ դրված խնդիրն իրականացրել է: Դա հերոսամարտ է եւ ոչ մեկ մեզանից իրավունք չունելու այն շահարկելու: Այսօր բանակը կայացած կառույց է եւ իր հետ վերացնում է բոլոր այն թերությունները, որոնք եղել են քառօրյա պատերազմի ժամանակ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո նախագահի հրամանագրերով ազատվեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը եւ մի քանի վարչության պետեր:



























