«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» դատապարտում է Ջրառատում մարտի 14–ին տեղի ունեցածը միջադեպը։ Այսօր՝ մարտի 15–ին, լրագրողների հետ զրույցում կուսակցության համամասնական ցուցակի 2–րդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը նշեց, որ միջադեպի մեղավորները պետք է պատժվեն։
«Բնականաբար, սա դատապարտելի արարք է։ Պետք է իսկապես ովքեր մասնակից են դրան, բացահայտվեն եւ պատժվեն՝ ըստ օրենքի։ Չի կարելի այս նախընտրական շրջանը վերածել էդ տեսակ «ռազբորկաների»,– ասաց Աղվան Վարդանյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որին հաջորդել էին կրակոցներ ու դանակահարություն։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Մելիք Մելքոնյանը, նրա անչափահաս որդին եւ եղբորորդին։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների խոսքով, հարձակվողները դուրս էին եկել գյուղապետարանի շենքից: Միջադեպին առնչություն են ունեցել Երանոսյանյան եղբայրները եւ նրանց հարազատները:
Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (խուլիգանությունը) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով։



























