Քաղաքական ընտրությունները շատ հարցերում նման են կին ընտրելուն ու խնամախոսությանը, համարում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան ՎԱրդանյանը։

Մարտի 15-ին Երեւանի Աջափնյակ թաղամասում նախընտրական քարոզչության ընթացքում իր ելույթում Աղվան ՎԱրդանյանը ասել է, որ երբ մարդը գնում է խնամախոսության, նա ուշադրություն է դարձնում, թե աղջիկը ինչ ընտանիքից է, ինչ կենսագրություն ունի, ինչ արտաքին տվյալներ ու բնավորություն։ Նրա խոսքով մոտավորապես նույնը պետք է տեղի ունենա ընտրությունների ժամանակ։

Գալիք խորհրդարանական ընտրություններին Հայաստանում մրցակցելու են ինը քաղաքական ուժեր, ու երկրի քաղաքացիների համար, Վարդանյանի խոսքով, բավականին դժվար է լինելու կողմնորոշվել, թե ում արժե հավատալ, ում՝ ոչ։ Դրա համար էլ այս հարցում, նրա կարծիքով, պետք է առաջնորդվել նույն սկզբունքներով, որոնցով մարդիկ առաջնորդվում են խնամախոսության ժամանակ՝ պետք է նայել, թե ինչ է իրենից ներկայացնում կուսակցությունը, ովքեր են դրա անդամները, ինչ անցյալ ունի այն։