Վարդան Ղուկասյանը բանսարկություն է համարում այն տեղեկությունները, թե ինքը Գյումրիում հարվածել է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին:

«Էլ դուք բան ու գործ չունիք, տեսնում եք, որ Շիրակը խաղաղ է, Գյումրին խաղաղ է, անպայման մի բանսարկություն պիտի անեք, իսկ բանսարկուն գիտե՞ս ով է՝ Սատանան է: Զարմանալի բաներ եք խոսում, երկիրը լուրջ պրոբլեմներ ունի, դրա մասին մտածեք, ընկել եք շառի-շուռի հետեւից»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Նրա խոսքով, Շիրակի մարզը հաշտ ու համերաշխ ապրում է եւ հենց  լրատվամիջոցներն են այդ խոսակցությունները «սարքում»:  Նրա խոսքով,  իր հարաբերությունները Սուքիաս Ավետիսյանի հետ լավ են եւ չէր կարող հարվածել նրան:

«Գիտե՞ս սուրբ գիրքն ինչ է ասում՝ վարդապետների մեկնության մեջ, ասում է՝ լեզվի պոռնիկն ավելի վատ է, քան կնոջ պոռնիկը»,-ասել է նա:

Նշենք, որ ապտակելու փաստը հերքել է նաեւ Սուքիաս Ավետիսյանը՝ հայտարարելով, որ դա սուտ է եւ ինքն այդ հարցով դիմել է դատարան:

Նշենք, որ այսօր «Փաստ» թերթը գրել էր. «Երկուշաբթի օրը, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր նախընտրական խմբով քարոզարշավ էր կազմակերպել Շիրակի գյուղերով:

«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ–ն ներկայացնող Սուքիաս Ավետիսյանը, իմանալով Վարդանիկի «մարշրուտը», նրանից կես ժամ առաջ նույն «գծով» հանդիպումների է գնացել եւ իր քարոզարշավն արել Ղուկասյանի համար հավաքված գյուղացիների շրջանում:

Երբ նույն «գողությունը» Սուքիասը կատարել է նաեւ երեքշաբթի օրը, Առափի գյուղի մոտ (նախկին Օջաղուլի) Վարդան Ղուկասյանը բռնացրել է Ավետիսյանին: Ականատեսների վկայությամբ` Վարդանիկը երկու հզոր ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին: Ներկաները, ինչպես Րաֆֆու «Սամվելում», բարձրաձայնել են` արժանի էր»: