Ստեղծված են բոլոր նախադրյալները թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես Ընտրական նոր օրենսգրքի քննարկման եւ ընդունման փուլերը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում:
Պարոն Շարմազանովը փաստել է, որ մեր երկիրը բռնել է խորհրդարանական կառավարման ուղին եւ այդ ճանապարհին առանձնակի կարեւորել է դիտորդական առաքելությունների կատարած աշխատանքը եւ տրված անաչառ գնահատականները: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է հատկապես ԱՊՀ դիտորդների դերակատարությունը:
Պարոն Շարմազանովը կարեւորել է ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների կազմակերպումը եւ հավելել. «Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական եւ քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք եւ նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում եւս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»:
Վիկտոր Գումինսկին իր հերթին նշել է, որ իրենց հիմնական նպատակն է քաղաքական չեզոքության պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են եւ ժողովրդավար: Պարոն Գումինսկին մանրամասն ներկայացրել է իրենց առաքելության նպատակը եւ առաջիկայում իրականացվելիք քայլերը:



























