Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ս.թ. հունվարի 11-ի N 5-Ն որոշման՝ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումերի ներկայացման, ուսուցման եւ մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանելու մասին, մեկնարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ուսուցումը:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում դասընթացների ընթացքին հետեւելու նպատակով ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանն այցելեց մարզկենտրոններ: Անդրադառնալով ուսուցման նպատակին՝ Դ. Կարապետյանը նշեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում լինելու են տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում այժմ ձեւավորում է տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր:
-Ընտրության օրը եթե նախապես գրանցված մասնագետը որեւէ ընտրատեղամասում չներկայանա կամ առողջական պատճառներով ստիպված բացակայի տեղամասից, ԱԻՆ աշխատակիցները արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքը,-ասաց ԱԻ փոխնախարարը:
Փոխնախարար Կարապետյանը դասընթացի մասնակիցներին հիշեցրեց. «Ընտրությունների օրը ըստ անհրաժեշտության ներգրավվելու դեպքում չպետք է մոռանալ, որ տեխնիկական սարքավորման սպասարկումը ապաքաղաքական եւ բացառապես տեխնիկական աշխատանք է, որով դուք նպաստում եք ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացմանը: Ուստի որեւէ ընտրատեղամասից ահազանգի դեպքում պետք է արագ արձագանքել ու որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին»:
Ըստ որոշման հավելվածի ութերորդ կետի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել եւ անցկացնել լրացուցիչ ուսուցում ՀՀ ԱԻՆ համակարգի (այդ թվում առանաձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ եւ սահմանված կարգով շնորհել մասնագետի որակավորում:
Այդ որակավորումը ձեռք բերած ՀՀ ԱԻՆ 12 մասնագետ ԿԸՀ-ի կողմից տրամադրված ձեռնարկներով եւ նմուշ-օրինակով համակարգի աշխատակիցների խմբերին ուսուցանում են սարքի սպասարկումն ու գործարկումը:



























