ՀՀ գլխավոր դատախազությունը նախօրեին Նոր Նորքում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին Ալեն Սիմոնյանի հաղորդումն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե:
Դատախազությունից NEWS.am_ին հայտնում են, որ 2017 թվականի մարտի 15-ին ժամը 15.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցված Ալեն Սիմոնյանը եւ հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում ինքը հարձակման է ենթարկվել: Ահազանգը փոխանցվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ գրանցվել պատահարների վերաբերյալ ոստիկանության մարմնում ստացված տեղեկությունների գրանցման-հաշվառման թիվ 2 մատյանում:
Նույն օրը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի ցուցումով ահազանգը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ Նորք Նորքում այսօր՝ մարտի 15-ին, հարձակվել են «Ելք» դաշինքի անդամների եւ լրագրողների վրա: Ալեն Սիմոնյանի խոսքով, «Տորք Անգեղ» մարզադպրոցի կողքով անցնելիս դուրս են եկել քաղաքացիներ եւ խոչընդոտել են քարոզչությունը: Լրագրողները եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մարզադպրոցի ներսում նկատել են «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, փորձել են պարզել, թե ինչու է մարզադպրոցի միջանցքում փակցված քարոզչական պաստառ:
Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ մարզադպրոցից դուրս եկած կինը լրագրողների եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ դաշինքի ներկայացուցիչների վրա գոռգոռալուց հետո շտապում է մտնել մարզադպրոց եւ հեռացնել Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, որից հետո Նիկոլ Փաշինյանը, լրագրողները եւ դաշինքի ներակայցուցիչները մտնում են դպրոց: Մարզդպրոցի աշխատակիցները հարձակվում են լրագրողների եւ դաշինքի ներկաայցուցիչների վրա, վնասում օպերատորների տեսախցիկները:
Ավելի ուշ մարզադպրոցի տնօրեն, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արթուր Մամոյանը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:




























