Հայաստանում մարդիկ կան, որոնք ամբողջ երկրից հարուստ են եւ ամեն ինչ կանեն ընտրողների ձայները գնելու համար, իսկ ընտրություններից հետո հնարավորություն ստանալ անելու այն, ինչ ցանկանում են։ Աս մասին մարտի 16-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով՝ ներկա դրությամբ պատգամավորների 70-80 տոկոսը ելույթ չի ունենում, իր գործով չի զբաղվում, բայց գումարներ բաժանելով՝ վերընտրվում է։ Սակայն ըստ նրա՝ խորհրդարանական ընտրությունները թաղային հեղինակությունների ընտրություններ չեն։ Խորհրդարանում պետք է ընտրվեն գրագետ քաղաքական գործիչներ, որոնք ասելու բան ունեն։

«Խոսքը երկիր կառավարելու մասին է։ Դա պետք է անեն կրթված, գրագետ մարդիկ։ Եթե մարդը լավ զինվորական է, թող զբաղվի զինվորական գործերով։ Եթե մարդը գործարար է, թող իր բիզնեսով զբաղվի։ Իսկ երկրի ու հասարակության խնդիրներով պետք է զբաղվի քաղաքական գործիչը։ Այս երկրում ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով եւ այդժամ մենք կունենանք, զարգացում, առաջընթաց ու հաջողություն»,-ասել է «Հայկական վերածնունդ»-ի առաջնորդը։

Իր ելույթի ժամաանկ Բաղդասարյանը հաստատել է իր կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմնական տեսությունները՝ հատուկ ուշադրություն հատկացնելով պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, ընտրակաշառքների եւ ճանապարհերին արագաչափերի խնդրին։

«Երեւանից Եղեգնաձոր ճանապարհին ավելի քան 40 արագաչափ կա։ Վայոց Ձորում գյուղեր կան, որտեղ 40 բնակիչ անգամ չկա։ Հաշմանդամների կարիքների համար, որոնք Հայաստանում մոտ 200 000 են, պետությունը հատկացնում է 2,5 մլրդ դրամ, բայց մեկ տարում արագաչափերի հաշվին պետությունը մարդկանցից 24 մլրդ դրամ է առգրավում։ Եթե ապրիլի 3-ից հետո ոչ մի փոփոխություն չի լինի, մեկ տարում կսկեն գրել ոչ թե 2,5 մլն ակտ, այլ՝ 4 մլն»,-նշել է Բաղդասարյանը։