Ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, շարունակում է բուժումը «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին նշեց, որ Լեռնիկ Երանոսյանի վիճակը կայուն է, նա ստանում է պլանային բուժում:
Լեռնիկ Երանոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել փակ գանգուղեղային տրավմայով:
Նշենք, որ Երանոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 12-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպից հետո:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մարտի 12-ին, ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում: Նույն օրը՝ ժամը 19:40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը եւ հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:
Ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տարածած հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրենց դաշինքը բարեհաջող հանդիպում է ունեցել ջրառատցիների հետ: Հանդիպումից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է նաեւ ՕՐՕ դաշինքի ակտիվիստներից մեկը: Դեպքից հետո բերման է ենթարկվել 6 անց, հետո բոլորին ազատ են արձակել:



























