«Ծառուկյան» դաշինքի կողմից թիվ 2 ընտրական տարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանի հետ կապված միջադեպով ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ Հարցին՝ արդյոք Վահան Կարապետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ահազանգ կա ոստիկանությունում, պատասխանեցին. «Նյութեր են նախապատրասվում, այս պահին այսքանը»:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ մարտի 16-ի գիշերը ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից. «Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու եւս՝ ջարդելով նաեւ մի քանի ավտոմեքենա»,-գրել է թերթը:
Նույն խնդրի առնչությամբ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ ԷԼիզբարյանը հայտարարել է. «Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը եւ նրա թիմը այլեւս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին եւ թմրամոլներին»:



























