Հայաստանում նախընտրական միջադեպերի մասնակիցները պետք է խստորեն պատժվեն։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա հիշեցրեց դեռեւս մի քանի ամիս առաջ Ազգային ժողովում իր արած հայտարարությունն այն մասին, որ քարոզարշավի ընթացքում ոչ ոք երաշխավորված չէ միջադեպերից։ «Ընտրությունների ժամանակ, բնականաբար, բոլոր նման միջադեպերը կապվում են քաղաքական գործընթացների հետ։ Ես, իհարկե, չեմ ցանկանում հանդես գալ փաստաբանի դերում ու ասել, որ դրանք կապված չեն ընտրությունների հետ։ Միջադեպերը տեղի են ունեցել, եւ ես չեմ բացառում, որ դրանք կարող են կրկնվել», - նշել է Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է զգոն լինել եւ անհապաղ բացահայտել դեպքերը։
«Ցուցաբերված «արջի ծառայությունները» ստվեր են նետում ընտրությունների վրա։ Իրավապահ մարմինները պետք է զգոն լինեն ու անհապաղ բացահայտեն այդ միջադեպերը։ Մեղավորները պետք է խստորեն պատժվեն, քանի որ հակառակ դեպքում, դա շարունակական բնույթ կարող է կրել, եւ մարդիկ կսկսեն օգտվել առիթից»,-ընդգծել է Վահրամ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ՀՀԿ-ի կողմնակիցը զինված հարձակում է գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների վրա։ Մարտի 14-ին միջադեպը կրկնվել է, հարուցվել է քրեական գործ։



























