Նախընտրական լարվածությունը չպետք է հատի քրեորեն պատժելիի սահմանագիծը: Մարտի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը:
«Ոչ մի ավագանի, ընդդիմության ներկայացուցիչ, տեղացի հեղինակություն, քրեական տարր չի կարող ստվերել ընտրական գործընթացը: Շատ դեպքերում մեր ընդդիմադիր գործընկերները, նրանց աջակցող անձինք միջադեպեր են սադրում: Լարվածությունը չպետք է հատի քրեորեն հետապնդելիի սահմանագիծը: Ես քաղաքական բոլոր ուժերին կոչ եմ անում լարվածությունը չթեժացնել, եւ եթե, այնուամենայնիվ, միջադեպեր են տեղի ունեցել, չփորձել դրանք քաղաքականացնել, այլ դրանք դիտարկել օրենսդրությանը համապատասխան, որպես պատժելի արարք»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը
Հստակեցնող հարցին՝ Ջրառատի միջադեպի հետ կապված մեղադրո՞ւմ է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ չի մեղադրում, բայց ասում է, որ, ցավոք, իրավիճակներ կան, երբ նման միջադեպերը սադրում են, դրանց նկատմամբ գրավում են հանրության ուշադրությունը, որպեսզի հետո ասեն, որ ընտրություններն անարդար են անցել: «Սա արվում է այն նպատակով, որ հետո պարտված ընտրարշավի «պատճառներ» եւ «հիմքեր» ունենան»,- հայտարարեց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՀՀԿ-ի կողմնակիցը զինված հարձակում է գործել «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչների վրա: Մարտի 14-ին գրանցվել է եւս մեկ միջադեպ: Հարուցվել է քրեական գործ:




























