Ով ում հետ խնդիր ունի, պիտի բերեք կապեք քաղաքական գործընթացների հե՞տ։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Կարապետյանի, նրա թիմակիցների եւ ՀՀԿ–ական Արման Սահակյանի (Գալուստ Սահակյանի որդին է-խմբ) թիմակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպին:

«Մեր կուսակցական ընկեր Արման Սահակյանը պնդում է,  որ այդ վեճը որեւէ քաղաքական շերտեր չունի եւ առավել եւս որեւէ քարոզարշավի հետ կապ չունի, մնացած հարցերում զբաղվում են իրավապահ մարմինները, մենք ենք շահագրգիռ լինելու, որ իրավապահները պարզեն միջադեպի հանգամանքները»,–ասաց Շարմազանովը։

Նա շեշտեց, թե օրերս էլ իրենց համակիրներից են դանակահարել Վանաձորում, սակայն ՀՀԿ–ն չի փորձել դրան քաղաքական աստառ տալ. «Մեր համակիրներից մեկին Լոռու մարզում դանակահարել էին, մե՞նք էլ ասենք քաղաքական աստառ է։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ստվեր գցել ընտրությունների անցկացման վրա. խստագույնս կպատժվի»:

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ նախընտրական շրջանում տեղի ունեցած դանակահարությունների, ծեծկռտուքների մի կողմը ՀՀԿ–ի ներկայացուցիչներն են, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ–ն կողմ չէ, 1200 ռեյտինգային  թեկնածու կա, դրանք  բոլորն ունեն բարեկամ, ընկերներ, որոնք մեկը մյուսի հետ լավ ու վատ են, բոլոր խնդիրները պիտի բերեք կապեք քաղաքական պրոցեսների հե՞տ»,–տարակուսել է ՀՀԿ խոսնակը ։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով, մարտի 16-ի գիշերը ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից. «Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու եւս՝ ջարդելով նաեւ մի քանի ավտոմեքենա»,-գրել է թերթը:

Նույն խնդրի առնչությամբ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ ԷԼիզբարյանը հայտարարել է. «Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը եւ նրա թիմը այլեւս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին եւ թմրամոլներին»: