Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր Nabucco ծրագրվող գազատարի համար: Այդ մասին գրում է թուրքական «Star» թերթը՝ հղում անելով իր անանուն աղբյուրների վրա: Թուրքիան կարող է աջակցել Հայաստանի ներգրավմանը՝ երկու երկրների հարաբերությունների բարելավման համատեքստում: Հայաստանը կարող է փոխարինել Վրաստանին տարանցիկ երկրի դերում՝ Վրաստանի ներքաղաքական անկայունության պատճառով, գրում է պարբերականը:

Սակայն դեռ պարզ չէ, թե Հայաստանի տարածքով վառելիքի տարանցման ծրագրին ինչպես կվերաբերվի Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ ըստ Nabucco ծրագրի՝ նախատեսվում է Կասպիական գազը տեղափոխել Եվրոպա: Նախատեսվում է կառուցել 3,3 հազար կմ երկարությամբ ագզատար, որն իրար կմիանի Կասպիական տարածաշրջանը, Մերձավոր Արեւելքը, եւ Եգիպտոսը Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի տարածքով, այնուհետեւ գազը մղել եվրոպական այլ երկրներ: Ծրագրի արժեքը կազմում է 8 միլիարդ եվրո: Նախատեսվում էր, որ գազատարի կառուցումը կավարտվի 2014թ.: Ծրագրին մասնակցում են 6 ընկերություններ՝ գերմանական RWE-ն, ավստրիական OMV-ն, թուրքական Botas-ը, ռումինական Transgaz-ը, բուլղարական Bulgargaz-ը եւ հունգարական MOL-ը: