Հայաստանը պետք է համահունչ լինի եվրոպական գիտական միջավայրին, բայց պետք է իր առանձնահատկությունը եւս պահի: Այս մասին, այսօր, մարտի 17–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով գիտական երկաստիճան համակարգից մեկաստիճան համակարգի անցնելու խնդրին:
Դիտարկմանը, թե մեխանիկորեն նման փոփոխությունը, կարող է բերել լուրջ խնդիրների, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ լուրջ տեսակետներ կամ աշխատանք էս առումով չի արվել, որ մեկ աստիճանի անցնենք, խոսակցություններ ես լսել եմ, հետաքրքրվել եմ, այդպիսի տրամադրվածություն չկա։ Որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց, համենայնդեպս, դեռեւս օրենքի նախագիծը գոյություն չունի, եւ ես չեմ տեսել։
Իմ մոտեցումը հետեւյալն է, որ մենք համահունչ պետք է լինենք եվրոպական գիտական միջավայրին, բայց պետք է մեր առանձնահատկությունը եւս պահենք։ Այնուհանդերձ, ինչ–որ անենք, պետք է անենք մտածված, եւ մասնագետների հետ շատ լայն քննարկումներից հետո»:
Նշենք, որ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2017 թվականին արդիականացնել գիտական աստիճանաշնորհման համակարգը` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով։



























