Ղազախստանից եկած հայ գործարարն այսօր՝ մարտի 17-ին, Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ահազանգեց, որ իրեն թույլ չեն տալիս գազալցակայան կառուցել իր հայրենի գյուղում:

«Ես Վարդենիկ գյուղից եմ, ապրում եմ Ղազախստանում, մի քանի տարի առաջ գյուղի 3.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհն եմ վերանորոգել: Դրանից հետո ես ուզում էի գազալցակայան կառուցել, սակայն ինձ թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ ճնշման խնդիր կա: Ես պատրաստ եմ իմ միջոցներով խողովակներ անցկացնել»,- ասաց գործարարը՝ նշելով, որ ինքն այժմ հիասթափված է եւ չի ցանկանում այլեւս ներդրումներ կատարել:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց պատկան մարմինների հետ քննարկել հարցը եւ լուծել խնդիրը: