Եթե հիմա մի բան ասեմ, ասելու են նախընտրական խոստում է տալիս, կաշառք է առաջարկում: Այս մասին, այսօր, մարտի 17–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ գիտական աստիճանների համար տրվող հավելավճարը թոշակներին գումարվի։

«Երբ որ ժամանակը կգա կնայենք»,-հավելեց Սերժ Սարգսյանը:

Հարց հնչեց նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարկների միավորման արդյունքում գոյացած կենտրոնների ազատ տարածքները գույքի կառավարման վարչությանը հանձնելու մասին:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչությունը չի վերցնում, եւ թողնելով կենտրոնների պահպանության տակ, դա ստեղծում է ծախսի նոր աղբյուր. «Օրինակ, Քանաքեռում ազատված 5.8 հա տարածքում 6030 քմ շինության պահպանումը կենտրոնի առանց այն էլ սուղ բյուջետային միջոցներից պահանջում է տարեկան 5-6 մլն դրամ»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշեց. «Գիտեք, եթե Քանաքեռում չլիներ այդ շինությունը, լիներ ենթադրենք, Զեյթունում կամ Կենտրոնում, մեծ հաճույքով Գույքի կառավարման վարչությունը կտնօրիներ, կօգտագործեր։ Ես տեղյակ եմ այդ շինությունների մասին, նրանք բարվոք վիճակում չեն։ Պետք է համբերենք, տեսնենք, երբ կլինի որեւէ ներդրող, որպեսզի այդտեղ ինչ–որ մի բան անի։ Դա մասնակի հարց է, այդպիսի շատ շինություններ չունենք»:

Ինչ վերաբերում է նրան, որ գիտական կենտրոնները գումար են ծախսում շինությունների պահպանման համար, Սերժ Սարգսյանն արձագանքեց, որ «այդ գումարը  պետությունից է դուրս գալիս, ինչ տարբերություն, թե որ խողովակով»։