«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այսօր` նոյեմբերի 12-ին բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ: Նրանք պահանջում էին վճարել իրենց 4 ամսվա աշատավարձերը եւ վերաշահագործել գործարանը:
«Անտանելի վիճակում ենք, 4 ամիս աշխատավարձ չենք ստացել, ձմեռ է գալիս, կարտոֆիլ, կաղամբ, սոխ պիտի գնենք, օրական թանկացում է լինում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վրդովված ասաց «Նաիրիտում» 50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հովհաննես Ղազարյանը` նշելով, որ այս 4 ամիսը մի կերպ գոյատեւում է Ռուսաստանում բնակվող տղայի ուղարկած գումարով: Կաուչուկի լաբորատորիայի լաբորանտ Գայանե Առաքելյանն էլ ասաց, որ եթե գործարանի ներկայիս տնօրենը չի կարողանում աշխատեցնել այն, թող հեռանա:
«Մենք շարունակելու ենք բողոքել մինչեւ չբարձրացնեն աշխատավարձերը, չվերագործվի գործարանը, մեր 4 ամսվա աշխատավարձերն ամբողջությամբ չվճարվեն: Էդ որ գնում են էդպես մուրում են, թող բերեն մեզ էլ տան»,-ասաց նա:
Գործարանի աշխատակիցների բողոքը լսեց եւ նրանց պատասխանեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը. «Կա Հանրապետության նախագահի հստակ հանձնարակականը մոտ օրերս գոնե աշխատավարձի մի մասը` մեկ ամսվանը, մեկ շաբաթվա ընթացքում վճարել եւ մեկ ամսվա ընթացքում գտնել նոր ռեսուրսներ հարցն ամբողջական լուծելու համար»,-ասաց նա` հավելելով, որ գերխնդիր է մնում «Նաիրիտի» վերաշահագործման հարցը:
Ի դեպ նախագահի աշխատակազմի ղեկավարը «Նաիրիտի» աշխատակիցներից մեկի վրդովված բացականչությանը, արձագանքեց. «Ես փող չեմ ուտում, բերում եմ քո նման համբալներին եմ կերակրում»:
Իսկ «Նաիրիտ» քիմիական գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանն էլ հաղորդեց, որ «եթե դրական որոշում կայացվի, դեկտեմբերի 1-ից հրաման կարձակվի «Նաիրիտը» վերագործարկելու, իսկ դա նշանակում է, որ գործարանն աշխատանքի մեջ կմտնի փետրվարի 1-ից»:
«Եթե որոշումն ընդունվի, այդ թվում նաեւ Ռուսաստանի իշխանությունների կողմից, կսկսվի վերակառուցման աշխատանքները եւ կգործարկվի գործարանը: Եթե մենք հույս չունենայինք, որ այս ծրագիրը տեղի կունենար, մենք մարդկանց չէինք թողնի աշխատանքում եւ չէինք կուտակի աշխատավարձի պարտք: Սա ձգձգվում է տեխնիկական եւ քաղաքական հանգամանքներով: Քաղաքական ասելով նկատի ունեմ այն, որ գործարանի արտադրանքի 99 տոկոսը իրացվում է դրսում եւ Հայաստանի տնտեսության վրա անդրադարձն այնքանով է, որ մենք այստեղից առնում ենք ներքին բավականին թանկ գներով գազ, էլեկտրաէներգիա եւ ջերմային էներգիա: Այդ պայմանները թույլ չեն տալիս ունենալ մրցունակ գին»,-ասաց Վահան Մելքոնյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե գործարանի նկատմամբ դրսեւորվի նման քաղաքականություն, ապա քիմիական գործարանի ապագան բավականի աղոտ կլինի:
Լուսանկարը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























