Գինեգործության ոլորտում ամբողջ աշխարհում հասունանում է հերթական հեղափոխությունը։ Այդ մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Առաջինը տեղի ունեցավ 60-ական թթ., երբ աշխարհը հոգնեց իտալական ու ֆրանսիական ավանդական գինիներից եւ սկսեց ուշադրություն դարձնել «էկզոտիկ» երկրների վրա՝ Չիլի, Արգենտինա, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն եւ այլն։

Իսկ ներկայումս գինեգործական վեկտորը թեքվում է դեպի խաղողի ծննդավայրեր, դեպի «աբորիգեն» սորտերը։ Իսկ Հայաստանը հնուց ի վեր հանդիսանում է խաղողի հայրենիքներից մեկը, որտեղ առաջին անգամ վայրի խաղողը «կուլտիվացվել» է։ «Խաղողի ծննդավայր» կոչմանը հավակնում են նաեւ Ադրբեջանը եւ Սեւծովյան ավազանի երկրները։ Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ հայկական խաղողի «աբորիգեն» սորտերի մի մասը գտնվում է Թուրքիայում՝ Վանի շրջանում։  «Պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով եւ դրանից ստացված գինով»,- ասաց Հարությունյանը: