Սեւանի բնակիչներն այսօր՝ մարտի 17-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն իրենց մտահոգությունն են հայտնել Սեւանի համայնքապետարանի կուտակած պարտքերի պատճառով սպասվող 102 մլն դրամի բռնագանձման վերաբերյալ:
NEWS.am-ի թղթակիցը Գեղարքունիքի մարզից հաղորդում է, որ բնակիչներից մեկը վարչապետին պատմել է, որ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքապետի ընտրություններից հետո պարզ է դարձել, որ Սեւանի քաղաքապետարանը տարբեր կազմակերպությունների պարտք է շուրջ 150 մլն:
«Չնայած 53 միլիոն դրամ բռնագանձեցին քաղաքապետարանի ֆինանսական միջոցներից, կարողացան մարդկանց աշխատավարձերը վճարել: Հիմա էլ պատրաստվում են դատական հայցեր, որ բռնագանձեն եւս 102 մլն դրամ: Ողջ բնակիչներով խնդրում ենք քննարկել Սեւանի համայնքին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, որ համայնքը կարողանանք պահպանել եւ զարգացնել»,- Կարեն Կարապետյանին է դիմել սեւանցիներից մեկը:
Վարչապետը հիշեցրել է, որ ինքը դատաիրավական համակարգի վրա ազդեցությունը պետք է չունենա եւ չմիջամտի. «Այլ խնդիր է, որ եթե իմանամ՝ կողմակալություն կա, անարդարություն, հսկողություն սահմանեմ համապատասխանեմ ատյաններով: Ինչ վերաբերում է ձեր հարցին, եթե միջամտեմ, պետք է միջամտեմ, որ միջնորդեմ, որ դատարանն անկողմնակալ լինի: Եթե համայնքը պարտք է, իր պարտավորությունները պետք է կատարի, եթե համայնքապետն իր լիազորությունները գերազանցել է, պետք է պատասխան տա»:
Նշենք, որ Սեւանի նախկին քաղաքապետը Ռուդիկ Ղուկասյանն էր, որը 2016թ. հոկտեմբերի 2-ին չի վերընտրվել:




























