Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը գտնում է, որ տարին հաջող էր գինեգործների համար։ Այսօր՝ նոյեմբերի 12-ին, նա այդ մասին հայտարարեց մամուլի ասուլիսում։ Գինեգործական գործարաններն այս տարի մթերել են 135 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա 128 հազ. տոննայի համեմատ։ Սակայն այս ցուցանիշը զիջում է 2007 թ. մակարդակը, երբ մթերվել էր 144 հազ. տոննա խաղող։

Ա. Հարությունն ասում է, որ այս տարին յուրահատուկ էր այն առումով, որ խաղողը որակյալ էր, ու դրան նպաստել են եղանակային պայմանները՝ օգոստոս-սեպտեմբերի ջերմ եւ արեւոտ եղանակը։ Բացի այդ՝ գյուղացիներն արդեն վարժվել են այն մտքի հեռտ, որ պետք է գործարաններին որակյալ խաղող տան։

Խաղողը մթերվել է միջինը 124 դրամով (0,34 դոլար)՝ 1 կգ-ի համար, անցյալ տարվա 117 դրամի (0,32 դոլար) համեմատ։ Խաղողի մթերման գնի ամենաբարձր մակարդակը եղել է 2008 թ.՝ 142 դրամ (0,39 դոլար)։

Անցյալ տարվա համեմատ՝ գինիների արտադրությունը հայաստանում աճել է 30 տոկոսով, կոնյակինը՝ 20 տոկոսով, իսկ օղու արտադրությունը նվազել է 15 տոկոսով։