Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայաստանում չլինեն խղճի բանտարկյալներ: Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանը ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը պաշտոնազրկումից հետո հիշել է Հայաստանում քաղբանտարկյալների գոյության մասին:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում չլինեն խղճի բանտարկյալներ, եւ բոլորը ազատ են արձակվելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայաստանում գործի արդարադատության համակարգը»,- ասել է նա: Օհանյանը նաեւ առաջարկում է դաստիարակության կենտրոններ բացել:

Նա հայտարարել է, թե իրենք ժողովրդի հետ անմիջական շփման մեջ են, գիտեն ժողովրդի դժգոհությունները: «Մենք ներսից տեսել ենք իշխանությունների բոլոր թերությունները, որ կան: Եւ արմատական փոփոխություններ իրականացնելը, սահմանադրական փոփոխությունները պետք են, որ հաստատուն քայլերով, իրական արդյունքների հասնենք»,- ասել է թեկնածուն:

Օհանյանը խոստանում է բակ առ բակ, շենք առ շենք աշխատել, ժողովրդին ասել, թե «եկել է մի թիմ, որը իրական բարեփոխումներ է բերում»:

Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր հանդիպումներ է ունենալու նաեւ Մարտունի, Գավառ եւ Սեւան քաղաքներում: