«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսօր՝ մարտի 17-ին վանաձորյան նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց քաղաքի ծայրամասային՝ Բազում թաղամասի բնակիչների հետ: Չնայած նրան, որ թաղամասում նախապես հայտարարվել էր «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հետ նախատեսվող հանդիպման մասին, հանդիպմանը փոքրաթիվ մարդիկ էին մասնակցում:
Որոշ ժամանակ անց տարբեր կողմերից հավաքվածների թիվն այդպես էլ չանցավ 2-3 տասնյակը: Բնակիչները դա հիմնավորեցին առկա վախի մթնոլորտով:
«Մտավախություններ կա, որ հետեւում են, չեն ուզում նկարվեն»,- մարդկանց պակասն այսպես հիմնավորեց թաղամասի հնաբնակներից մեկը, վստահեցնելով. «Էստեղ վախում են երեւալուց, բայց խցիկում համարձակ են»:
Տատիկներից մեկն էլ խնդրեց չնկարել, պատճառաբանելով՝ նկարեք, տեսնեն, մենակ կնիկ եմ, տուն մտնեն, խեղդե՞ն:
Է. Մարուքյանը ներկաներին խնդրեց ձայները կոնսոլիդացնել «Ելք» դաշինքի շուրջ:
«Մենք բացառում ենք համագործակցությունը՝ կոալիցիայի կազմում, իշխանության հետ»,- նշեց նա:
«Հիմի էնքան շատ են, ժողովուրդն էլ չի կենտրոնանում»,-նկատեց ներկա կանանցից մեկը, նկատի ունենալով քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի ու թեկնածուների թիվը:
«Կենտրոնացեք»,-խորհուրդ տվեց «Ելքի» համակիրներից մեկը:



























