Իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր  Արեգ Ղուկասյանն ընտվել է  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) փոխնախագահ:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պավիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի խոսքով, դա մեծ ձեռքբերում է: Նա նաեւ նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ում հանդես է եկել զեկույցով, որը ներկայացնում է Երեւանի արտաքին քաղաքականության կուրսը:

Խոսելով Բաքվի եւ Անկարայի կողմից իրականացվող տարածքային քաղաքականությունից, պատգամավորը մասնավորապես, ուշադրություն հրավիրեց Ադրբեջանում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման վրա:  Ի դեպ, այս թեմայով նա ելույթ  է ունեցել նաեւ թուրքական հեռուստաընկերությամբ:

«Ես կարծում էի, որ իմ ելույթը կմոնտաժվի, սակայն ողջ իմ խոսքը թուրքական հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել առանց փոփոխությունների»,-նշեց պատգամավորը:

Մինասյանը նաեւ անթույլատրելի է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի փակումը: Նա նշեց, որ միայն սահմանի բացմամբ Թուրքիան կարող է ապացուցել, որ ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած աշխարհիկ պետություն է:

ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում հայկական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել  թուրք գործընկերների հետ: «Հանդիպումների ժամանակ  խոսել ենք հայ-թուրքական հարաբերություններից: Մենք նրանց ասել ենք կա՜մ պետք է վավերացնենք հայ-թուրքական արձանագրությունները, կա՜մ հայտարարեն, որ դուրս են գալիս գործընթացից: Գնդակը ձեր դաշտում է»,-հայտարարել է Մինասյանը նշելով, որ ի պատասխան` թուրք խորհրդարանականները նշել են, թե չեն կարող դիմել նման արմատական քայլի եւ վավերացնել արձանագրությունները խորհրդարանական ընտություններից առաջ: