Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամն այսօր` նոյեմբերի 12-ին համաձայնության եկավ անգլիական AECOM խորհրդատվական ընկերության հետ՝ զբոսաշրջության Հարավային միջանցքի զարգացման ռազմավարությունը մշակելու հարցում։ Այն ներառում է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը։ Միջանցքը սկիզբ է առնում Նորավանքից եւ հարեւան Արենի գյուղից, շարունակվում դեպի Հայաստանի հարավային քարանձավներ, ներառում է Ջերմուկ քաղաքը, Քարահունջի հին աստղադիտարանը, Տաթեւն ու Որոտանի կիրճը։ Այնուհետեւ միջանցքը բացում է ճանապարհ դեպի Գորիս եւ Կապան (այնտեղից էլ Մեղրի)։
Նախատեսվում է, որ այս զբոսաշրջավայրերը զարգացնելու եւ խթանելու արդյունքում հնարավոր կլինի դեպի Հայաստանի հարավ 4-6 ժամ տեւող ուղեւորությունը վերածել չորսօրյա հետաքրքիր ճանապարհորդության։
Ըստ Հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի տեղեկացման՝ անգլիական ընկերությունը ռազմավարության մշակման աշխատանքները կիրականացնի 80 հազ. ֆունտ ստեռլինգով։ Գումարը կվճարվի Հիմնադրամի ֆոնդերից՝ պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակներում։
AECOM ընկերության տնտեսական գծով տնօրեն Բեն Մարտինը լրագրողներին ասաց, որ Հարավային միջանցքն ունի 2 կարեւոր բաղադրիչ՝ հարուստ պատմություն եւ գեղեցիկ բնություն։ Սրանց վրա էլ հիմնվելու է զբոսաշրջային գրավչության ստեղծումը, սակայն նախ եւ առաջ հարկավոր է պահպանել այդ արժեքները։ Բ. Փափազյանը նույնպես այն կարծիքին էր, որ անկանոն զարգացումը, հատկապես Տաթեւի ճոպանուղու բացումից հետո հետաքրքրության աճը կարող է լրջորեն վնասել Հարավային զբոսաշրջությանը։
Ռազմավարությունը, կամ այսպես կոչված՝ «մաստեր պլանը» պատրաստ կլինի տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին։
AECOM-ը աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից է, ունի մոտ 51 հազ. աշխատակից, 2010 թ. ապահովել է արդեն 6,5 մլրդ դոլարի եկամուտ։




























