Ամերիկացի հայտնի դերասան եւ գրող Դին Քեյնը Fox & Friends առավոտյան շոուի ժամանակ` Fox News հեռուստաալիքի եթերում պատմել է Հայոց ցեղասպանության մասին եւ այն աջակցության մասին, որը Հայաստանը ցուցաբերում է սիրիացի փախստականներին:
Խոսելով վերջերս Հայաստան կատարած այցի մասին` Քեյնը նշել է, որ ինքը Հայաստանում ընկերներ ունի, նա շատ պատմություններ է լսել փախստականների մասին եւ իմացել է Հալեպի իրադրության մասին, որտեղ շատ հայեր էին բնակվում:
«Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ` չնայած որ մեր կառավարությունը մինչ օրս այն որպես ցեղասպանություն չի ճանաչել: Այդ մարդկանց տատիկներն ու պապիկներ տեղահանվել են եւ ստիպված են եղել բնակվել Հալեպում: Հեգնանքն այն է, որ հարյուր տարի անց այդ մարդիկ այժմ պետք է փախստականի կարգավիճակով իրենց հայրենիք վերադառնան», - ընդգծել է նա:
Դերասանը պատմել է Հայաստանում փախստականների հետ հանդիպման մասին: Նրա խոսքով` հայկական հյուպատոսարանը Հալեպում մնում է միակ գործող հյուպատոսարանը:
Քեյնն ընդգծել է, որ հայերը դարեր շարունակ հետապնդումների են ենթարկվում` հավելելով, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է:




























